Գիտնականները հայտնաբերել են, որ չիլի պղպեղի կանոնավոր օգտագործումը մեկ քառորդով նվազեցնում է մահացության վտանգը, գրում է Express-ը՝ վկայակոչելով Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հետազոտությունը:
Մասնագետները ուսումնասիրել են ԱՄՆ-ում, Իտալիայում, Չինաստանում և Իրանում ավելի քան 570 հազար մարդու առողջության և սնվելու մասին տվյալները, որպեսզի վերլուծեն սննդային սովորությունների ազդեցությունը տարբեր հիվանդությունների առաջացման և մահվան դեպքերի վրա:
Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք սննդակարգում միշտ չիլի պղպեղ են օգտագործել, սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը նվազել է 26 տոկոսով, քաղցկեղից ՝ 23 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, մահվան հավանականությունը, անկախ պատճառներից, 25 տոկոսով ցածր էր:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ ստացված արդյունքները կարելի է բացատրել չիլի պղպեղի յուրահատուկ հատկություններով՝ հակաբորբոքային, հակաօքսիդիչ, հակաքաղցկեղային ազդեցությամբ և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու ունակությամբ: