Աժ- կառավարություն հարցուպատասխանին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցը վերաբերում էր մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե, իբրև, Հայաստանից առևանգվել է ինքնաթիռ: Պատգամավորը նկատեց, որ կառավարությունն այդպես էլ որևէ բացատրություն չտվեց, թե ինչպես էր ինքնաթիռը հայտնվել Իրանում: Կարո՞ղ է մի օր էլ քնենք, արթնանանք ու տեսնենք, որ մեր Սու-երն էլ հայտնվել են մեկ այլ երկրում:
Պատգամավորի այս հեգնական հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասելով, թե օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքներ կատարելու նպատակով Fly Armenia ավիաընկերությունը պաշտոնապես դիմել է Քաղավիացիայի կոմիտե, որպեսզի դեպի Տալլին թռիչքի թույլտվություն ստանա, սակայն, տվյալ ինքնաթիռը, խախտելով կոմիտեի կողմից տրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք դեպի Վառնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա: Սակայն, դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի մի օդակայանում:
Այս ամենի պատասխանատվությունն, ըստ Ավինյանի, կրում է միայն ու միայն ինքնաթիռի թռիչքի թույլտվություն հայցած ավիաընկերությունը: Ավինյանի ներկայացմամբ՝ իրանական կողմը հավաստիացրել է, որ այնտեղ վայրէջքը կրել է զուտ տեխնիկական բնույթ, եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Փոխվարչապետը հավաստիացրեց, որ ներկայում ընթանում են բանակցություններ, որպեսզի ինքնաթիռը հենց այսօր վերադառնա Հայաստան: