Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող այն քաղաքացիները, ովքեր նախկինում ստացած տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ դեռևս շարունակում են ուսումնառությունն այդ կրթական ծրագրով, մինչև ուսումնառության ավարտը տարկետում ստանալու հնարավորություն կունենան: Այս մասին որոշում կայացրեց ՀՀ կռավարությունը՝ հինգշաբթի օրվա նիստում:
Նախկինում օրենքը սահմանել է խտրական մոտեցում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների միջև, քանի որ եթե 19 տարին լրացած և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար նախատեսված է մինչև ուսումնառության ավարտը մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորությունը, ապա 19 տարին լրացած և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների համար այդ իրավունքը սահմանված չէ:
Նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը 6 ամսից մինչև 3 տարի է, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 2 տարուց մինչև 5 տարի է:
Հաշվի առնելով նաև, որ բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում քաղաքացուն տրվող տարկետման ժամկետները ևս հիմնականում ավարտվում են նրա 22-23 տարեկան միջակայքում, փաստացի ստացվում է իրավիճակ, երբ նույն տարիքային ժամանակահատվածում օրենսդիրը բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետման հնարավորություն է սահմանել սահմանափակ թվով քաղաքացիների համար:
Նշված հանգամանքը միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնելու թե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, և թե ընդհանրապես ՀՀ պաշտպանության կազմակերպման գործընթացի վրա: