Մեկնարկեց կառավարության հերթական նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում, մինչ օրակարգին անցնելը, անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային վիճակին, նշելով, որ վերջին օրերին թվերի աճ է գրանցվել, ինչը անհանգստացնող է: Ապա կորոնավիրուսային պատկերը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ երեկվա դրությամբ կորոնավիրուս է հաստատվել հետազոտվածների 16 տոկոսի մոտ: Նա նկատեց, որ նախորդ երկու ամիսներին կորոնավիրուս հայտնաբերվում էր հետազոտվածների 5-7 տոկոսի մոտ, այսինքն՝ աճը նկատելի է: Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է անցնել կտրուկ կանխարգելիչ միջոցների, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրմանը: Նա կոչ արեց հասարակական վայրերում անցնել խիստ հսկողության: Առողջապահության նախարարը նաև հայտնեց.
«Այսօրվանից սկսում ենք երկու հիվանդանոցի ծավալման աշխատանքները: Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը»:
Ավանեսյանը հիշեցրեց, որ վարակվածների 20 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է ծանր, իսկ նրանցից 5 տոկոսի մոտ ծայրաստիճան ծանր, այնպես որ, պետք է հնարավորինս ուշադիր լինենք, պահպանենք բոլոր կանոնները: Նա նաև նշեց, որ պատվաստանյութի ձեռք բերման աշխատանքները շարունակվում են: Ի դեպ, Ավանեսյանը նկատեց, որ վարակված և առողջացած քաղաքացիները հաճախ հրաժարվում են դիմակ կրել, սակայն, պետք է իմանալ, որ դեռևս գիտականորեն ապացուցված չէ, որ մեկ անգամ հիվանդացածները կրկին չեն վարակվի: