Ազգային անվտանգային հարցերը ստորադասելով՝ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ, սեփական գոյությունը հիշեցնելու համար, պարբերաբար տարատեսակ սուտ եւ հորինվածք են մատուցում հանրությանը, գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում։
«Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս էլ որերորդ անգամ իր անպատասխանատու հայտարարություններով ուղղակիորեն վնաս է հասցնում մեր երկրին։
Բազմիցս Սյունիքի հարցը շահարկելուց հետո, այսօր էլ աշխարհագրական սահմանները ընդլայնելով՝ հասել է Տավուշ, եւ մտքի «ազատ» թռիչքով Ազատամուտի ճակատագիրն է վիճարկում։
Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը։ Իմացե՛ք՝ թույլ չենք տալու։
Ի դեպ, պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում, որ նմանօրինակ կեղծիքը փաթեթավորում և որպես իրականություն ներկայացնում եք մեր ժողովրդին»,- գրել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է, որ ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։