Մեկնարկեց կառավարության նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն սկսեց կորոնավիրուսի տվյալների ներկայացմամբ, նշելով, որ իրավիճակը կրկին լավ չէ, քանի որ մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ 700-ից ավելի դեպք է գրանցվել:
Այնուհետև իրավիճակն առավել մանրամասն ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնելով, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Նա նաև հայտնեց, որ ակտիվ դեպքերի թիվը կազմում է 6772, որոնցից 901-ը հոսպիտալացված են, ծավալված են 9 բժշկական կենտրոններ, ազատ է մոտ 100 մահճակալ: Առողջապահության նախարարը նկատելով, որ մահճակալների թիվն անսպառ չէ, նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդների թիվը չգերազանցի մեր կարողությունները:
Վարչապետն էլ նկատեց, որ դրա միակ ճանապարհը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Նա կոչ արեց բոլորին հատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որպեսզի լրացուցիչ սահմանափակումների կարիք չառաջանա: Այնուհետև կառավարությունն անցավ օրակարգի քննարկմանը: