Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետները բանակցությունների արդյունք են: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա առաջարկել է, որպեսզի գոնե մինչև հունիսի 1-ն ավարտված լինեն արտահերթ ընտրությունները, սակայն, իշխանությունը չի համաձայնել: Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ իշխանությունն առաջարկել է ավելի ուշ՝ հոկտեմբերին անցկացնել արտահերթ ընտրությունները, իսկ այս տարբերակը խորհրդարանական ընդդիմությունը չի ընդունել: Բայց եկել են ընդհանուր հայտարարի, որ հունիսի 20-ին անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Մարուքյանը նշել է, որ իրենց նախկին պահանջը չի կատարվել, և երկիրը ներքաղաքական ճգնաժամից հանելու համար ստիպված այս ճանապարհով են գնում:
«Նախկինում եղել է պահանջ, որ վարչապետը հրաժարական տա և ընտրենք անցումային վարչապետ և հենց նա էլ կազմակերպի ընտրությունները, բայց այդ առաջարկը կյանքի չի կոչվել: Միակ ճանապարհը մնացել է այն, որ վարչապետը հրաժարական տա և կազմակերպվեն ընտրություններ, այլ տարբերակ այս պահին չկա: Այս տարբերակն ընդունելի՞ է, թե՞ ոչ, այս հարցն այլընտրանք չունի»,- շեշտել է նա:
ԱԺ երրորդ ուժի ղեկավարը դժվարանում է ասել` ընտրություններն արդա՞ր են անցկացվելու, թե՝ ոչ: Նրա կարծիքով՝ այդ հարցի լուծման պատասխանատվությունն իշխանության ուսերին է դրված:
«Իշխանության պարտավորությունն է հավասար մրցակցային պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար: Իշխանությունը պարտավոր է նաև ընտրակեղծիք անողներին բռնել և դատել՝ թույլ չտալով ընտրակաշառքի բաժանումը: Պետք է նաև նշեմ, որ լավ Ընտրական օրենսգրքով կարելի է վատ ընտրություններ կազմակերպել և հակառակը: Կարևորը քաղաքական կամքն է, որ այդ ընտրությունները կազմակերպվեն»,- նկատել է նա:
ԼՀԿ նախագահը, սակայն, համոզված է՝ իշխանությունն այլևս չի կարող վերարտադրվել, որովհետև կորցրել են իրենց վստահությունը:
Էդմոն Մարուքյանը վստահ է՝ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: