Տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակման հարցում առաջընթաց կա։ Այս մասին Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ սակայն, այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար:
Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:
«Գործում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբ, մենք մի քանի նիստ ունեցել ենք, գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում՝ զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, մաքսային և նմանատիպ այլ հարցերի հետ կապված»,- մանրամասնեց Գրիգորյանը:
Նա հավելեց, որ պլանավորել են որոշ հարցերի շուրջ զեկույցով հանդես գալ մինչև մարտի 1-ը, բայց հնարավոր չի եղել, որովհետև կա հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն։