Անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ բազմաթիվ երկրներում մուտքի և ելքի սահմանափակումներ էին գործում, ՀՀ արտգործնախարարությանը հաջողվել է կազմակերպել 14 564 ՀՀ քաղաքացու վերադարձ հայրենիք:
Այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղում աջակցելու և անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ։ Հայաստան վերադարձածներից 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով»,- մանրամասնեց Այվազյանը: