ՀՀ-ում ադրբեջանցի ռազմագերի չկա: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում վստահեցրել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն՝ ի պատասխան հանձնաժողովի անդամ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կա՞ն արդյոք ադրբեջանցի գերիներ ՀՀ–ում։
Նախարարը նշել է, որ հայկական կողմը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և հանձնել է մեր երկրում գտնվող ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
Արա Այվազյանի պնդմամբ՝ հայ գերիների թիվը 188-ը չէ։ Նա հստակեցրեց, թե որտեղից է այդ թիվը դրվել շրջանառության մեջ։
«Այդ թիվը նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և դատարանը տեղեկություններ է պահանջել այդքան անձի առնչությամբ։ Մեր գերիների թիվն այլ է, սակայն ես հիմա այն չեմ հնչեցնի»,-պարզաբանեց նախարարը։
Նախարարի խոսքով՝ միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը հասկացել է, որ գերիների վերադարձը կլինի շատ կարևոր քայլ վստահության մթնոլորտի վերաձևավորման և վերահաստատման գործում։
Ի դեպ, նրա պնդմամբ՝ գերիների հարցով արտաքին ճնշումն ավելանում է Բաքվի վրա։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո ՀՀ է վերադարձել 69 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում՝ ստույգ թիվ չի նշվում։
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իր մոտ մնացած ռազմագերիներին «ահաբեկիչներ» է համարում։