Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Դեսպանին ուղեկցել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Ողջունելով հյուրերին՝ Հովհաննես Հարությունյանը խոսել է երկու երկրների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների մասին, մասնավորապես, ընդգծելով Շիրակի մարզում ռուսական կողմի ընդգրկվածության ու ներկայության մասին։
«Պարո՛ն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ՝ շատ լավ գիտեք մեր մարզի մասին։ Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու և գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ապակենտրոնացված համագործակցության լուրջ արդյունքների։ Հայտնում եմ մեր պատրաստակամությունը լիազորությունների և հնարավորությունների շրջանակում համագործակցելու և նոր ծրագրեր իրականացնելու առումով»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել անմիջական ընդունելության համար և իր կողմից հաստատել համագործակցության խորացման անհրաժեշտությունը․ «Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ ձեզ մաղթել բեղմնավոր աշխատանք այս պատասխանատու պաշտոնում, վստահ եմ՝ մենք կհամագործակցենք, քանի որ ՌԴ դեսպանատունն ու, մասնավորապես, Գյումրիում ՌԴ հյուպատոսությունն իրականացնում են մի շարք համատեղ ծրագրեր։ Շիրակը մեծ հեռանկարների մարզ է, ունի ներուժ, որի օգտագործումը պետք է առաջնային լինի մեզ համար»։
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու արդեն իսկ հաստատված աշխատանքային ու բարեկամական կապերը, քննարկվել են առևտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր: