Իշխող ուժը հիմա բերում է մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, նա էլ նշանակում է պատգամավորներ՝ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին: Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում պետք է մենք ընտրեինք խորհրդարան, խորհրդարանն էլ՝ վարչապետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Ըստ խորհրդարանական ուժի ղեկավարի՝ իշխանությունը հակառակ ճանապարհով է անում: Սա էլ, Էդմոն Մարուքյանի խոսքով, որոշակի նպատակով է կատարվում։
«Սա անում են, որ, օրինակ, վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ իրենց ֆրակցիայից դուրս չգա։ Բոլորը լուռումունջ նայեն իրենց իմաստուն առաջնորդին։ Իմքայլականների բոլոր ելույթները միտված էին նրան, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ իրենք քննադատում էին ընտրակարգը, որով ընտրվել են ։ Իրենք ուզում են, որ որևէ մեկը որևէ տեղից չընտրվի, այլ ուղղակի կուսակցության ղեկավարի բարի կամքի շնորհիվ հայտնվեն ցուցակում»,- տեսակետ հայտնեց Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ առանց ընդդիմության ընտրական օրենսգիրք փոխելը կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը։
«Իմքայլականներից 44-ն ընտրվել են ռեյտինգայինով․ ո՞ր մեկն ա գումար, ալյուր, պեսոկ բաժանել»,- հավելեց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում իր տված հանրային խոստումը չեղարկել և ԼՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու առաջադրել։ Նրա պնդմամբ՝ չեն պատրաստվում որևէ պատրվակով ընտրական գործընթացը հետ գցել։
Ի դեպ, նա բացառեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ։
Հավելենք, որ «Իմ քայլը» կողմ է փոփոխություններին, ԼՀԿ֊ն՝ դեմ, իսկ ԲՀԿ֊ն հայտարարել է, որ իրենց համար միևնույն է, թե որ ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները։
Մանրամասները՝ տեսանյութում․