Գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ մի խումբ փաստաբանների հաղորդումը և այն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նախնական ուսումնասիրության արդյունքում հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-մանրամասնեց նա։
Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թվականներին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ։