Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Հիսուսի հրաշափառ հարության տոնը՝ Զատիկը, նշում է ապրիլի 4-ին ու քանի որ ըստ եկեղեցական օրացույցի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, ուստի ապրիլի 3-ի երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է և սկսվում է Հարության տոնի նախատոնակը:
Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված:
Քրիստոսի խաչելությունից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Հիսուսի մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ սալաքարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մաքդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն գնում են անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը և զարմանքով տեսնում , որ քարայրի մուտքի սալաքարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Այդ ժամանակ նրանց երևում են 2 հրեշտակներ և ասում. ՙԻնչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն է առել:
Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Զատկի տոնին մարդիկ իրար բարևում են ոչ սովորական ձևով.ընդունված է այդ օրը բարևի հետևյալ ձևը.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: