ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավար Սևակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ դատախազությունը։
«Ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Սևակ Բաղդասարայանը, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից ԱՀ-ի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում, 2020 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված՝ համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով ցուցակագրել է նախքան պատերազմական գործողություններն սկսվելը վերջին երեք ամիսներին համայնքում փաստացի չբնակված և ծրագրի շահառու չհանդիսացող թվով 277 քաղաքացիների տվյալներ։
Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս։
Սույն դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-նշված է հաղորդագրության մեջ։