Կորոնավիրուսի համավարակը վատթարացրել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում, ասված է Amnesty International միջազգային ոչ կառավարական կազմակերպության 2020-2021 թվականների զեկույցում, որը հրապարակվել է այսօր:
Համաշխարհային առաջնորդները «անխնա օգտվեցին ճգնաժամից և օգտագործեցին Covid-19-ը որպես մարդու իրավունքների դեմ օգտագործվող նոր զենք»: Այս մասին ասվում է կազմակերպության եզրակացության մեջ:
Amnesty-ի տվյալներով՝ ամենից շատ տուժել են խոցելի խմբերի քաղաքացիների իրավունքները՝ կանայք, տարեցներ, ԼԳԲՏ և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փախստականներ, աշխատանքային միգրանտներ, առողջապահության աշխատողներ և տնտեսության ստվերային հատվածներում զբաղվածություն ունեցող մարդիկ:
Զեկույցում ներկայացվում են հետազոտության ընթացքում կազմակերպության փորձագետների բացահայտած՝ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները:
- Ընտանեկան բռնության, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության աճող մակարդակը: Համավարակի պայմաններում մարդկանց համար զգալիորեն ավելի բարդ է աջակցություն ստանալ՝ գտնվելով մեկուսացման մեջ։
- Փախստականների և աշխատանքային միգրանտների վիճակի վատթարացումը։
- Առողջապահության աշխատողների խնդիրների անտեսումը, սոցիալական պաշտպանության անբավարար միջոցները կամ դրանց բացակայությունը։
- Միջազգային համագործակցության բացակայությունը, «պատվաստանյութի համար պատերազմը»։
- Խոսքի ազատության սահմանափակումը, բողոքի տրամադրությունների կոշտ ճնշումները։
Հայաստանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ մեկ տարվա ընթացքում երկրում սահմանափակվել են խոսքի և խաղաղ հավաքների ազատության իրավունքները՝ սկզբում արտակարգ դրության ռեժիմի, իսկ հետո՝ սեպտեմբերին հայտարարված ռազմական դրության պատճառով, որը Ադրբեջանի հետ զինված դիմակայության պատճառով երկարաձգվեց մինչև տարեվերջ:
Նշվում է նաև, որ ռազմական դրության ընթացքում երկրի իշխանությունները 20 պարբերականների ստիպել են շտկել կամ հեռացնել տեղեկատվությունը, իսկ ապրիլին տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կտրուկ քննադատությունից հետո ԶԼՄ-ների սահմանափակումները վերացվել են:
Կազմակերպության փորձագետները նաև նշում են ռազմական դրության ռեժիմի երկարաձգումը՝ խոսքի և հավաքների ազատության սահմանափակման գործիք:
Զեկույցում անդրադարձ կա նաև կառավարության այն առաջարկի վերաբերյալ, որով փոփոխություններ կկատարվեն օրենսդրության մեջ՝ թույլ չտալու հրապարակել տեղեկություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Այդ քայլով կառավարությունը ձգտում է նվազեցնել թափանցիկությունը բնապահպանական հարցերում։
Իրավիճակը գնահատող փորձագետները նշում են, որ նման նախաձեռնությունն առաջ է քաշվել Հայաստանի հարավում Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ չլուծված հակասությունների ֆոնին, որտեղ 2018 թվականից չեն դադարում տեղի բնակիչների բողոքները։ Նրանք արգելափակում են դեպի Ամուլսարի հանք տանող մուտքերը՝ բողոքելով այն սպառնալիքների դեմ, որոնք ստեղծվում են շրջակա միջավայրի համար՝ հանքի շահագործման դեպքում։