Այս պահին ընդհանրապես բոլոր պատվաստանյութերի համար տրվում է օգտագործման թույլտվություն։ Մենք «Սպուտնիկ V»-ն օգտագործելու իրավական բոլոր հիմքերն ունենք։ Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ պարտադիր չէ պատվաստանյութը գրանցված լինի երկրում՝ օգտագործման իրավունք ստանալու համար։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ասել, որ պատվաստանյութը գրանցված է, թող ասեր՝ թույլտվություն կա, նախարարը հստակ պատասխպան չտվեց․ «Ես կխնդրեմ, որպեսզի բովանդակային մոտեցում լինի նրան, ինչ ասում եմ, որպեսզի նույն բանը չկրկնեմ»։
Մյուս դիտարկմանը, թե ԱՆ-ից լրատվամիջոցներից մեկին ասել էին, որ փետրվարի 1-ի դրությամբ «Սպուտնիկ V»-ն գրանցվել է Հայաստանում, նա նշել է, որ նորից խոսքը վերաբերում է թույլտվությանը։
Իսկ որքա՞ն է վճարվել երեկոյան ՌԴ-ից Հայաստան հասած առաջին խմբաքանակի՝ 15 000 դեղաչափի համար: Նախարարը նշեց՝ երկու դոզայի համար վճարվել է 19 դոլար։
Նա հայտնեց, որ պատրաստվում են երկուշաբթի ասուլիս տալ, որի ժամանակ կանդրադառնան նաև «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի շուրջ առաջացած հարցերին։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև՝ Ն․ Փաշինյանը պատվաստվե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ նա նշեց. «Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները պետք է իրենից հարցնել»։