Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:
Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները:
Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է: