Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի հարցը ՌԴ իշխանության և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է աշխատանքներն այդ ուղղությամբ՝ գործադրելով բոլոր անհրաժեշտ ջանքերը։
Ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ադրբեջանական ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ռազմագերիների հետ կապված խնդիրն արդեն լուծված է, դեսպանն ասել է. «Ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Որքան ինձ հայտնի է, աշխատանքը շարունակվում է, այդ հարցը գերակա է ռուսական կողմի համար»։
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը փետրվարի 8-ի երեկոյան պետք է Ադրբեջանից Երեւան տեղափոխեր հայ գերիների։ Այս տեղեկությունը հաստատեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարները։ Սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը Հայաստան է ժամանել առանց ռազմագերիների։ Դրանում միայն եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։