Ավելի քան 533 հազար ՌԴ քաղաքացի պատրաստվում է մեկնել Թուրքիա՝ մարտի 15-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ շրջանում ընդհանուր ամրագրված տուրփաթեթների թիվը կազմում է 354,6 մլն եվրո (ավելի քան 32,5 միլիարդ ռուբլի)։ Մասնագետները կարծում են, որ նույն ժամանակահատվածում Տանզանիա պլանավորել է ուղևորվել մոտավորապես 6−7 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Esquire.ru-ն՝ հղում անելով ՌԴ տուրօպերատորների ասոցիացիային, որտեղից մանրամասնել են, որ այդ գումարը չի ներառում միջին և տեղական տուրօպերատորների տվյալները, որոնք զբաղվում են համեմատաբար ավելի բարձր ու թանկարժեք ուղևորությունների պլանավորմամբ՝ դեպի Թուրքիա և Տանզանիա։ Փորձագետների գնահատմամբ՝ դրանց տվյալները կազմում են մոտավորապես 71 միլիոն եվրոյին համարժեք ռուբլի։
Հիշեցնենք, որ Ռոստուրիզմ-ը ՌԴ քաղաքացիներին, որոնք այս տարի նախատեսել են հանգիստը կազմակերպել Թուրքիայում և Տանզանիայում, խորհուրդ է տվել այդ ժամանակահատվածի համար նախատեսված ուղևորությունները հետաձգել կամ ձեռքբերված տուրփաթեթները փոխել և դրանք պլանավորել մեկ այլ ուղղությամբ։
Հավելենք, որ ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը օրերս էլ «Москве 24-ին» տված հարցազրույցում ասել էր, որ ամրագրված տուրփաթեթների համար վճարված նախնական գումարները հնարավոր չէ ամբողջությամբ վերադարձնել, քանի որ չկա հայտարարված վտանգ՝ կյանքի և առողջության համար։ Նշենք նաև, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել է չարտերային և կանոնավոր չվերթները դեպի Թուրքիա և Տանզանիա՝ հայտարարելով, որ այն զբոսաշրջիկները, որոնք այս օրերին գտնվում են այդ երկրներում․ պետք է վերադառնան հայրենիք։