«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։
Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների եւ դեսպանության հավակնորդների հետ, եւ այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։ Առաջիկայում նրա նման եւս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաեւ խոստացել է այլեւս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։
Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այցելում է հանրապետության տարբեր մարզերի կուսակցական կառույցներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի կուսակցականների ու կուսակցությանն անդամագրվել ցանկացողների հետ հանդիպումներից, Վանեցյանը անակնկալ, հանպատրաստից մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի բնակչության հետ:
Ասում են՝ այդ հանդիպումներից հետո նա բավական բարձր տրամադրությամբ է վերադարձել Երևան, որովհետև տեղերում բավական լավ վերաբերմունքի է արժանացել:
Ըստ մեր աղբյուրների, Վանեցյանին ոգևորել է այն հանգամանքը, որ չնայած իշխանությունների կողմից անընդհատ սանձազերծվող հակաքարոզչությանը, մարդիկ հիմնականում դրական են տրամադրված թե՛ կուսակցության, թե՛ ՀՀԿ-ի հետ դաշինք կնքելու որոշման նկատմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում իր թիմի անդամների հետ` առանձին-առանձին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը փորձում է բոլորից պարզել, թե ինչ են կարծում` ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Ու հայրենի օրենսդիրները իրենց համար ցանկալի անուններ են նշում, մեկը մյուսի աշխատանքը փնովում է ու հայտնում, թե ումից են գոհ եւ ումից են դժգոհ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից: Գրեթե բոլոր թիմակիցները պնդել են, որ Նազարյանը խորհրդարանում թիմային աշխատանք չի անում, կտրված է իրականությունից, չի շփվում թիմակիցների հետ:
Ավելին՝ խմբակցության ներսում Նազարյանը կանանց թիմ է ձեւավորել, որոնց հետ է միայն շփվում: Շատերը պնդել են, որ վերջինս նախընտրական ցուցակում պետք է լինի վերջին հորիզոնականներում:
Նույն՝ «Իմ քայլին» մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ բողոքները շատ են եղել նաեւ Ռուբեն Ռուբինյանից՝ կրկին նույն բովանդակությամբ: Նա էլ թիմային չի գործում, նույնիսկ պատգամավորներին չի բարեւում, չի շփվում: Խմբակցության գերակշիռ հատվածը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ շատ գոհ են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որն այս ժամանակահատվածում ամեն ինչ արել է թիմում պառակտումներ թույլ չտալու համար: Մի մեծ զանգված գոհ է եղել նաեւ Բաբկեն Թունյանից, նրա կատարած աշխատանքից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից եւ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից։ Ասում են՝ մտածում է նրանց փոխելու մասին, քանի որ, Փաշինյանի կարծիքով՝ իրավապահ կառույցներն ամեն ինչ պետք է անեին, որ դատարանները կալանքի սանկցիաներ տային ձերբակալվածներին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իրեն սյունյաց «ողջույններ» էին հղել։
Երեկ մեր լրագրողը դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանը դժգո՞հ է իրենից՝ այդ գործերի կապակցությամբ, եւ քննարկումներ կա՞ն իրեն փոխարինելու հարցով։ «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է՝ քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»,- նյարդային պատասխան է տվել Դավթյանը, սակայն անակնկալի չի եկել հարցադրումից։ Այսինքն՝ վարչապետը գոհ է Ձեզնից։ «Ես չեմ հարցրել իրեն, որովհետեւ դա էական չէ»: Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ասել է, որ ինքն էլ է դժգոհ դատարանների որոշումներից եւ որոշ գործերով բողոքարկելու է դրանք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել։ Մի փաստաթուղթ են պատրաստում՝ հուշագիր կամ հայտարարություն, որը ստորագրողները հայտարարելու են, որ ընտրություններից հետո՝ խորհրդարան անցնելու պարագայում, ոչ մի դեպքում դաշինք չեն կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեքստը շատ միանշանակ է գրված, եւ այն ստորագրողները չեն կարողանա հետագայում խախտել այդ պայմանավորվածությունը՝ դա քաղաքական մահվան համազոր կլինի։
Իսկ եթե ստորագրեն, պարզ կդառնա, թե որոնք են իրական ընդդիմություն եւ որոնք են խաղի մեջ մտել՝ ընդդիմությունից ձայներ խլելու, ընտրողների ձայները փոշիացնելու համար։ Ում է Նիկոլ Փաշինյանը նախընտրում՝ որպես ցանկալի ընդդիմություն։ Նման փաստաթղթի ստորագրումն ընտրողին էլ կկողմնորոշի, թե ում ձայն տալ, ում՝ ոչ.։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։
Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի։
Մեզ ասացին, որ Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների եւ ֆինանսիստների գրել, որ ցույց տա, թե ուժեղ կառավարություն է ձեւավորելու, որը կկարողանա տնտեսությունը զարգացնել, ներդրումներ բերել եւ կյանքը դարձնել բարեկեցիկ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը շուտով կնորոգվի եւ կբերվի Երեւան։ Խոսքը հիդրավլիկ համակարգի մաս կազմող տիտանե 2 խողովակի մասին է, յուրաքանչյուրը՝ 0.5 կգ քաշով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար դրամ։
Դրանք Հայաստան են բերվել Ֆրանսիայից՝ պատվիրել էին Airbus ընկերությունում։ Դետալները բերվել են ուղեւորատար ինքնաթիռով՝ որպես ձեռքի ուղեբեռ, որպեսզի հետո ուղարկեն Կազան։ Ինչ-որ մեկը Ֆրանսիայից ձեռքով բերել հասցրել է Երեւան, այն չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն։
ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը սկզբում դիմադրել է, բայց հարցին միջանկյալ լուծում է գտել, քանի որ հասկացրել են՝ օպերատիվության խնդիր կա»