Իսրայելական և պաղեստինյան կողմերի դեմ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, ՄԱԿ-ն աշխատում է բոլոր կողմերի հետ ՝ անհապաղ հրադադարի հասնելու համար: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Դա պետք է անհապաղ դադարեցվի․․․ Ես բոլոր կողմերին կոչ եմ անում ականջալուր լինել այդ կոչին», – ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով ՝ «ՄԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է բոլոր կողմերի հետ ՝ անհապաղ հրադադարի հասնելու նպատակով»:
«Ես ցնցված եմ Գազայի փախստականների ճամբարի վրա հարձակումից, որի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի 10 անդամ։ Հումանիտար օբյեկտները պետք է պաշտպանված լինեն», – ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Իսրայելի և Պաղեստինի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Մայիսի 16-ի տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 2900 հրթիռ: Վերջին տեղեկությունների համաձայն ՝ Իսրայելում 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։ Իսրայելը, ի պատասխան, հարյուրավոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 181-ի, զոհերի թվում 52 երեխա կա: