ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հանդես գալով օրենսդրական առաջարկով։
«Մեր կյանքում սուտը եղել է միշտ և ամենուր, սակայն ոչ նման ահռելի չափերով։ Դրա մասշտաբայնության մեջ իրենց «անգնահատելի» ավանդն ունեն Հայաստանի ներկա իշխանությունները, որոնք ստում էին ու ստում են միշտ և ամենուրեք․ հանրահավաքների ժամանակ, հեռուստատեսության ու այլ էկրաններից, ստում էին պատերազմից առաջ, ընթացքում, հետո։
Իշխանական ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր։ Արդյունքում ունեցանք, ունենք խաբված ժողովուրդ, հուսահատության փոխակերպված դառն իրականություն։
Առանձին-առանձին չթվարկելով ներկա իշխանության ստերը (դա անելու համար ամիսները չեն բավականացնի), փաստենք միայն, որ Հայաստանի գալիք ղեկավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել պաշտոնյաների կողմից սուտ տեղեկություններ հաղորդելը կանխելու ուղղությամբ, ընդհուպ արարքը քրեականացնելու միջոցով։ Այս նախաձեռնության կարևորությունն ու հրատապությունն անհնար է գերագնահատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շատ պաշտոնյաներ պարզապես հաճույք են ստանում ստելուց։ Հաճույքի այդ «աղբյուրը» պետք է չորացնել։
Այսպիսով, մենք առաջարկում ենք հանրային քննարկման դնել և համապատասխան օրենսդրական մեխանիզմներով ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ հոդված․
Պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը
1․ Պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը հանգեցրել է ծանր հետևանքների կամ մարդու մահվան, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Վերոնշյալ հոդվածով նախատեսված կարգավորումները պայմանական բնույթի են, մենք բաց ենք մեր գործընկերների կարծիքների ու առաջարկությունների առաջ»,- նշված է հաղորդագրության մեջ։