Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության մեկնաբանությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին առկա իրավիճակի սրման կապակցությամբ։
«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին։ Ռուսական կողմը Բաքվին և Երևանին բարձր մակարդակի կանոնավոր շփումների շրջանակներում աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացման հարցում։ Պահպանվում են օպերատիվ կապերը մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով։
Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը:
Նման բոլոր միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած սահմանագծումը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության հետևողական կարգավորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականների ներխուժումը որակել է որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: