«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ և այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաև խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին և հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Մեր տեղեկություններով՝ այդ զենքի գնման պայմանագիրը եւ այն հանձնաժողովը, որը զբաղվել է գնման գործընթացի կազմակերպչական հարցերով, ստեղծված է եղել հենց Արտակ Դավթյանի Զինված ուժերի շտաբի պետ եղած ժամանակ եւ այդ է պատճառը, որ նա կալանքից ազատվեց այն ժամանակ, երբ վերջինս վերանշանակվեց: Բանն այն է, որ եթե Պատրոն Դավոն կրկին կալանավորվեր, ապա նրա հետ միասին պետք է պատասխանատվության ենթարկվեր նաեւ Արտակ Դավթյանը, քանի որ այդ դեպքերը հենց իր պաշտոնավարման ժամանակ են եղել. նրանք համագործակցել են»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամենաքննադատական դիրքերից հանդես գալ ընդդեմ օրվա իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ավելին՝ տպավորություն թողնել, որ ինքն էլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների չափ օր առաջ ցանկանում է փրկել երկիրը իր իսկ բնորոշմամբ՝ «ազգակործան պատուհասից», բայց արի ու տես, որ ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուները վաղաժամ բացում են բոլոր խաղաքարտերը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր հաշվով փոքր-ինչ ավելացել են»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից և միասնական է իր դիրքորոշման մեջ։ Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա և այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։ Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին և երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է»։