Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի որակել որպես զուտ տարածաշրջանային հակամարտություն։
Այս մասին հունիսի 14-ին Երեւանում կայացած Լազարևյան ակումբի նիստում հայտարարել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքով՝ այն վերտարածաշրջանային հակամարտություն է, քանի որ դրանում ակնհայտ են համաշխարհային տերությունների շահերը։ Սահակյանն ընդգծել է, որ Ղարաբաղում կառուցված անվտանգության համակարգը չի զիջել ադրբեջանականին: Վերջին տարիներին հաստատվել են նոր մոտեցումներ և պաշտպանական մարտավարության հետ մեկտեղ մշակվել է հարձակողական, հակահարձակողական գործողություններ իրականացնելու մարտավարությունը։
Ի պատասխան Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ Իլարիոն Վարվաշտյանի այն դիտարկմանը, թե ինքն ու իր նախորդը՝ Արկադի Ղուկասյանը, ոչինչ չեն արել Ղարաբաղի պաշտպանական սահմաններն ուժեղացնելու համար, Բակո Սահակյանը հայտարարել է, որ ինքը բաց է քննադատության համար, բայց պատրաստ չէ լսել իրականությանը չհամապատասխանող սադրիչ հայտարարություններ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հակահարձակման գործողություններ չեն ձեռնարկվել, ապա ԼՂՀ նախկին ղեկավարը հույս ունի մոտ ապագայում ստանալ այդ հարցերի պատասխանները։
Իր հերթին, Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ ավելի հեշտ է պատերազմում կրած պարտության ամբողջ պատասխանատվությունը գցել նախկին իշխանությունների վրա: Նրա խոսքով՝ նախորդ բոլոր տարիների ընթացքում ամեն ինչ արվել է բանակի ամրապնդման համար, ձեռք է բերվել սպառազինություն եւ զինամթերք, Ղարաբաղի պաշտպանության գծի ամբողջ պարագծով կառուցվել են մարտական հենակետեր: Այլ բան է, որ որոշակի պահից, այն է՝ 2015-2016 թվականներին սկսվեց փոխվել ուժերի հավասարակշռությունը, որին, հնարավոր է ժամանակին չարձագանքեցին։ Իսկ 2020թ.-ին Ադրբեջանի կողմից ձեռք բերված «Բայրաքթար» ԱԹՍ-ն, ըստ էության որոշել է պատերազմի ելքը, ընդգծել է Ղարաբաղի երկրորդ նախագահը։
Պատասխանելով մեղադրանքներին՝ Արկադի Ղուկասյանը հակընդդեմ հարց ուղղեց. իսկ ի՞նչ եք արել հայրենիքի ամրապնդման համար: «Այս բոլոր տարիներին ընդունված էր կենացներ արտասանել քաջարի զինվորների համար, գովաբանել արցախցիներին եւ այլն: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս ամենը պահպանելու համար արցախյան խնդիրը չպետք է լիներ Հայաստանի կամ Արցախի խնդիրը, դա ամբողջ հայ ժողովրդի հարցն էր», – հայտարարել է Ղուկասյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայ պետք է իրեն հարց տա, թե ի՞նչ է արել ինքը՝ պահպանելու համար այն ամենը, ինչ նվաճվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Ղարաբաղի երկրորդ նախագահը հույս է հայտնել, որ վերջին պատերազմում պարտության պատճառների մասին բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Մեկ բան ակնհայտ է. Ադրբեջանն այս բոլոր 30 տարիները փորձել է ճեղքել պաշտպանությունը, սադրանքների է գնացել, դիվերսիոն հարձակումներ իրականացրել, բայց այդ ամենը կանխվել է, ընդգծել է Արկադի Ղուկասյանը: