Արմավիրի մարզում ավարտվել են Լուկաշին-Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը վերանորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Շինաշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Շինարարը նշում է, որ ճանապարհի ծածկն ամբողջությամբ քայքայված էր։ Կապալառուն կատարել է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, նոր ճանապարհային պատվածքի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ։ Վերանորոգվել է նաև ճանապարհի վրա գտնվող կամուրջը։ Ճանապարհի վրա կառուցվել են նաև իջատեղեր դեպի դաշտեր ու այգիներ, անցումներ գյուղատնտեսական տեխնիկայի համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքի բնակիչների հետ զրույցում նկատել է, որ փորձը ցույց է տալիս՝ համայնքներում վերանորոգված ճանապարհներին վարորդները մեքենաներն ավելի արագ են վարում, ուստի կոչ է արել չգերազանցել թույլատրելի արագությունը, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին՝ վթարներից խուսափելու համար։