«Դեռևս արտահերթ ընտրություններից առաջ եմ ասել, որ ընտրությունների օրակարգը Հայաստանի համար դրսից թելադրված օրակարգ էր»,- 168.am -ի հարցին ի պատասխան նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։
«Դա արտաքին քաղաքական կոնսենսուս էր հիմնական դերակատարների միջև, որպեսզի ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանում կայունացնեն ներքաղաքական իրավիճակը: Իհարկե, տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներ տարբեր շահեր ունեին, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ ընտրությունների արդյունքներով՝ հայ ժողովուրդը սպասարկեց ցանկացածի քաղաքական շահը, բավարարեց ցանկացածի արտաքին քաղաքական ախորժակը, բացի սեփական հայրենիքի նկատմամբ սեփական ազգային շահից: Դառը ճշմարտություն է, թերևս, բայց չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ սա ասում է առանց հեգնանքի:
Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում ստեղծված իրավիճակում անել «Պատիվ ունեմ» դաշինքը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է՝ դաշինքը քննարկում է այս իրավիճակում լավագույն ելքերի տարբերակները:
«Միանշանակ է, որ պայքարը շարունակվելու է. փնտրում ենք իրավական և քաղաքական գործիքակազմերի լավագույն համադրությունը, որպեսզի ամենաարդյունավետ և երկարաժամկետ պայքարը կարողանանք մղել: Դաշինքը հանդես կգա առանձին հայտարարությամբ, կդիմի հասարակությանը»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը: