ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը: Մինչ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցը՝ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկայացրել է 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցված հաջողությունները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում ուսումնասիրվել են 101 ապաստարաններ, ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը` Երևանում: Վերականգնվել են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև գործող ներքին հեռախոսակապի ու թվային ռադիոկապի օպտիկամանրաթելային կապուղիները, որոնք վնասվել էին Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հունիսի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45 784 զանգ ։Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 384 ահազանգ, որից 376-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:
Մեկ ամսում հանրապետությունում գրանցվել է 1491 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 1013-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 707), իսկ 367-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 308): Հրդեհների ցուցանիշի աճի հետ կապված , Փիլոյանը հանձնարարել է խոտածածկ տարածքներում, անհրաժեշտության դեպքում, իրականացնել հսկվող այրումներ՝ հետագա մեծ հրդեհներից խուսափելու համար: «Այն վայրերում, որտեղ հրդեհը կարող է վնասել բնակչությանը, շինությունները կամ արտադրական ձեռնարկությունները, մենք ինքներս պետք է ցուցաբերենք որոշակի նախաձեռնություն»,- նշել է Փիլոյանը:
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել լողասեզոնի ընթացքում Սևանում հերթապահության իրականացմանը: