Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանի կյանքում։ Այս մասին կառավարության այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Պարեկային ոստիկանության ներդրման մասին։
Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ։ Անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից։ Իսկ 30 տոկոսն այն ոստիկաններն են, որոնք իրենց լավագույն փորձը պետք է բերեն՝ փոխանցելու մյուսներին։
Փաշինյանն ասաց, որ Պարեկային ոստիկանությունն ունի ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման գործառույթներ։
«Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի։ Պետք է իրականացնենք Շիրակի և Լոռու մարզերի անձնակազմի ընդունելության քննություններ։ Այն, ինչ հանձնարարել եմ, ճիշտ ժամկետներում պետք է իրականացվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ ոստիկանության ներդրման համար կիրառվել է միջազգային աջակցություն: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Համաշխարհային բանկին գործընթացին աջակցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։