Այսօրվա՝ հուլիսի 8-ի կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Էդմոն Մարուքյանի՝ Մշակույթի նախարարությունը վերաբացելու նպատակով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմելու փաստին։
Դումանյանն ասաց, որ ԿԳՄՍ-ն կարգավորում է 5 ուղղության աշխատանքներ։ Այդ 5 ուղղությունները հնարավոր բազմաթիվ կոմբինացիաների են ենթակա՝ 2, 3 ուղղությունների համադրություններով։ Դրանցից յուրաքանչյուրը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հնարավոր է հիմնավորել կամ վիճարկել։ Սակայն ինքը չի պատրաստվում Մշակույթի նախարարությունը վերականգնելու այդ գաղափարին միարժեք պատասխան տալ, ավելին՝ կարծում է, որ դա այնպիսի հարցերի թվին է պատկանում, որոնց միարժեք պատասխան տալ հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ օրերս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմել է Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։
Մշակույթի նախարարությունը, ըստ Մարուքյանի, չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ Մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակութային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։