Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այսօր՝ հուլիսի 8-ին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեցին, թե ի՞նչ պատճառով են ՀՀ-ում կատարված պատվաստումները ԵՄ-ում անվավեր համարվում։
Նա ասաց, որ ԵՄ-ն որոշել է, որ ՀՀ-ի պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակ ԵՄ երկրներ մուտքի համար։ Դրանից հետո բոլոր երկրները պետք է սկսեն գործընթաց։
Ավանեսյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ աշխատանքներ են տարվում, որոնք ուղղված են նրան, որ եվրոպական երկրները ճանաչեն հայաստանյան սերտիֆիկատները։ Նա խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ՝ պարզելու, թե այս պահին որ երկրներն են արդեն ճանաչում մեր սերտիֆիկատները։
Ավանեսյանը նշեց, որ սուտ են տեղեկություններն այն մասին, թե AstraZeneca-ի երկու տեսակ կա։ Մեր երկիրն օգտվում է այդ պատվաստանյութից, այն ընդունելի է ԵՄ երկրների կողմից։
Լրագրողներն անդրադարձան նաև Մարկ Գրիգորյանի՝ Նորվեգիա մուտքի արգելքին, ինչին Ավանեսյանը պատասխանեց, որ գործընթացը գնում է առաջ։ Առաջիկայում ԵՄ երկրները հերթով կսկսեն ճանաչել ՀՀ-ում կատարված պատվաստումները, նախարարությունը չի հապաղում, դա առհասարակ ԱԳՆ-ի պարտավորությունն է։