Ադրբեջանի հետ ղարաբաղյան խնդրի հարցով շփումը մշտապես իրականացվում է եռակողմ համաձայնագրերի իրագործման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ են արդյոք բանակցություններ ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակական բնույթ են կրում: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարևոր է և անվիճելի: Եվ այդ իրագործման շրջանակներում շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հստակեցրել է, որ հուլիսի 7-ի երեկոյան կայացած ռուս-հայկական բանակցությունների ընթացքում ղեկավարները «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»:
«Քննարկվել են, իհարկե, եռակողմ համաձայնագրերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում սրվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ այնտեղ սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններ: Նույն տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որը հնարավորություն տվեց հասնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը: Ադրբեջանական և հայկական կողմերը կանգ առան իրենց գրաված դիրքերում, մի շարք տարածքներ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: