«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ ՀՀ քաղաքացիներից։ Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում։ Այս մասին կառավարության հուլիսի 15-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հայտնեց, որ կանխատեսելի էր այն, որ ընտրություններից հետո Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ատյաններում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար, և սա անելու է մի մարտավարությամբ՝ իբր Հայաստանն ու Արցախը դեմ են խաղաղությանը։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ։
Ինչպես Փաշինյանն ասաց՝ իմիտացիա է ստեղծվում, թե Հայաստանը դեմ է սահմանազատման աշխատանքներին, սակայն իրականությունն այլ է․ հենց Ադրբեջանն է դեմ սահմանազատման աշխատանքներին։
Փաշինյանի խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի հայտարարությունները որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և որ ավելի կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և թե ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։