Ուսումնասիրությունը վկայում է, որ ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը չեզոքացնելու միջոցով հնարավոր է հասնել անազատության մեջ պահվող անձանց կողմից բջջային հեռախոս պահելու համար տույժերի նվազեցմանը: Դա կարող է խրախուսել անազատության մեջ պահվող անձանց կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելուն, և առանցքային նշանակություն ունի դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կիրառելու կամ պատժի հետագա կրումը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու գործընթացում: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով գործուն միջոցառումներ իրականացնել ՔԿՀ-ներում բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման ուղղությամբ, ինչպես նաև քանակական առումով բարելավել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը, գտնել մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը գրավիչ դարձնելու հնարավորություններ:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացվել է, որ իրականացվել է ՔԿՀ-ներում ռադիոհաճախականությունների խլացուցիչների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և հետագա կիրառման հնարավորության ուսումնասիրություն, որի արդյունքներից ելնելով մշակվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ, իրականացվել են քննարկումներ բջջային օպերատորների հետ:
Հնարավոր է համարվել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացում՝ մինչև շաբաթական երեք անգամ: Ելնելով դրանից՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից ՔԿՀ պետերին կառաջարկվի քննարկել տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացման հարցը և ըստ այդմ՝ կազմել նոր ժամանակացույց: Տեղեկացվել է նաև, որ հեռախոսակապի գներն առավել գրավիչ դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը բանակցություններ է սկսել օպերատորների հետ: