Գրանցված վարձատրվող աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով: Այս մասին կառավարության հուլիսի 22-ի նիստի ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշը` 15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշը` 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշը` 40%-ով:
«Բարձր է ստացվել նաև միջին աշխատավարձը՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 177 հազար դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար: