2021թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 24 մլրդ դրամով կամ 2.7%-ով, ինչը առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 0.28%-ով: 2021թ. առաջին կիսամյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 133 մլրդ դրամով կամ 0.2%-ով՝ առաջին եռամսյակի համեմատ աճելով 113 մլրդ դրամով կամ 1.7%-ով: Այս մասին հայտնում են Հայաստանի բանկերի միությունից։
Վարկային ներդրումները նվազել են շուրջ 253 մլրդ դրամով կամ 6%-ով: Պատճառը նախորդ տարի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում բանկերի կողմից իրականացված վատորակ վարկերի դուրսգրումներն են։
Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 866 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 42%-ը՝ (1 684 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11%-ը՝ (415 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:
2021թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 53%, արտարժույթով վարկերինը՝ 47%: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 109 մլրդ դրամով կամ 1.9%-ով՝ առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 111 մլրդ դրամով կամ 1.9%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 61 մլրդ դրամով (1.6%-ով)՝ առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 68 մլրդ դրամով կամ 1.8 %-ով: