«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում զարմանք հայտնեց այսօր դատարանի ընդունած որոշման մասին առ այն, որ եթե հաջորդ նիստին չներկայանա, ապա նրան բերման կենթարկեն։
Նա նշեց, որ 8-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստն է ընթանում, որոշվում է հանձնաժողովների ղեկավարների հարցը, սակայն դատարանն այդ նիստին ներկա գտնվելու պատճառով դատական նիստին չներկայանալը համարում է ոչ հարգելի։
Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու կարիք չի լինի, եթե դատարանի համար կարևոր է մասնակցությունը, ապա ինքը կմասնակցի հաջորդ նիստին։
Նա ասաց նաև, որ իր բացակայության մասին պատշաճ զեկուցվել է դատարան, այդ ամենը փաստաբանը ներկայացրել է դատավորին։ Անցած շաբաթ բացակայությունը համարվել է հարգելի, սակայն այս շաբաթ այլ որոշում է կայացվել։
Գևորգյանը դատարանի որոշումը չմեկնաբանեց, ասաց, որ չի ուզում ենթատեքստ փնտրել դրա տակ։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Աննա Դանիբեկյանն ի գիտություն չի ընդունել պաշտպանական կողմի փաստարկները։ Նա նշեց, որ եթե հաջորդ նիստին Արմեն Գևորգյանը չներկայանա, վերջինիս բերման են ենթարկելու։ Այս կապակցությամբ դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց։
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։