Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացման և բարեփոխման գործում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` ողջունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին Մոսկվայում, փոխանցում է TACC-ը:
«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Սա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձի շնորհիվ դա կիրագործվի»,- ասաց Շոյգուն:
Նա նշել է, որ հանրապետության տարածքում է գտնվում 102 -րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- ավելացրել է նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «դժվար ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու դժվարին խնդիրներ կան»։