Կովկասյան ժառանգության պաշտպանությունը ահազանգում է, որ արբանյակային լուսանկարներով պարզել է, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու 51 քանդակը հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: ԿԺՊ-ն մտահոգություն է հայտնել այս արվեստի գործերի վիճակի համար, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:
Կազմակերպությունը կարծում է, որ իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և հանրային հասանելիության ծրագրերը:
Թանգարանի գաղափարը ծնվել է 2010 թվականին ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի մոտ, 3 տարվա ընթացքում Գաբրիելյանցի նախաձեռնությամբ հավաքագրվել է թանգարանի ֆոնդը՝ բացառապես արվեստագետների և հավաքորդների նվիրատվություններից։ 2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Շուշի քաղաքում տեղի ունեցավ Կերպարվեստի պետական թանգարանի բացումը։ Թանգարանը տեղակայված է Շուշիի հին կառույցներից մեկի՝ նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները:
Բարձր ժայռին թիկնած Շուշիի թանգարանում ներկայացված են Մարտիրոս Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Նիկողայոս Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբիլիսցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Արմինե Գալենցի և այլոց ստեղծագործություններ։