Արմեն Գրիգորյանի և Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան։
Իր ելույթում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս տարի հայ-ուրուգվայական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է լրանում։ Նա հիշեցրեց, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով վերահաստատելով մարդու հիմնարար իրավունքի ջատագովի իր համբավը։
Գրիգորյանն ընդգծեց, որ ի թիվս այլոց, Ուրուգվայը խստորեն դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների նեգրավումը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը։
Ըստ Գրիգորյանի՝ թեև Հայաստանն ու Ուրուգվայն աշխարհագրորեն հեռու են, սակայն աշխարհընկալման կապը թույլ է տալիս հաղթահարել երկրները բաժանող կիլոմետրերի հեռավորությունը։
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ցավոք, Հայաստանն ու Արցախն անվտանգային խնդիրների են շարունակում բախվել, չեն հայրենադարձվել հայ գերիները, այս համատեքստում հայկական կողմը շարունակում է ապավինել մեր բարեկամ երկրներին՝ նաև հայ-ուրուգվայական համերաշխության վրա։ Հարաբերությունները շարունակում են զարգանալ․ հաճախակիացել են հանդիպումները, տարբեր մակարդակի շփումները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով։
Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը, առանձնացրել համատեղ տնտեսական գործունեության ոլորտներն, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային գործը, ջրային ռեսուրսի կառավարման և վերկանգնվող էներգիայի ոլորտները։