«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արա Աղայանին օգոստոսի 9-ից ազատել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Անցած տարի՝ ապրիլին, մեծ աղմուկով հեռացրել էր Արմեն Բեգոյանին ու նշանակել Արա Աղայանին: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանին: Իհարկե, թվում է, թե սովորական նշանակում է, չկա որեւէ լուրջ բան: Բայց իրականում, արի ու տես, Մարությանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ է ու իրավունք չունի Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ: Նա պետք է ավագանու մանդատից հիաժարվի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով: Ասել է թե՝ երկու օր է, ինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին: Ինչպես նախկինում գրել էինք, հնարավոր է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է եւ համարվում է պրոֆեսիոնալ համակարգում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը: Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա եւ ազատ ռեժիմ ունենա: Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի եւ արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի»: