Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է, սակայն այսօր սահմանին մեր զինվորների մարտական ծառայության սովորական առօրյան է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:
«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, զոհերի և վիրավորների մասին արդեն գիտեք, հակառակորդի տվյալների մասին մենք չենք կարող ասել, որովհետև, ինչպես միշտ, նման տեղեկությունները չեն տալիս։ Մեր խնդիրն այն է, որ ցանկացած ժամանակ ոչ թե միայն պատրաստ լինենք, այլ կարողանանք ճնշել դրանց»,- ասաց Մակարյանը՝ նշելով, որ Կութի ուղղությամբ առաջխաղացման փորձեր չկան, հակառակորդի նպատակը միայն լարվածություն ստեղծելն է։
Անդրադառնալով ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, թե «եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք՝ ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»՝ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ նախարարի խոսքերը պետք է ընդունել բառի բուն իմաստով։
«Ես ևս մեկ անգամ ասում եմ հետևյալը․ հայ մարդու կերպարն է՝ ձախ ձեռքին Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ «պուլիմյոտ Կալաշնիկովա», այս է մեր կերպարը, մինչև վերջ պիտի կռվենք ու ապրե՛նք»,- նշեց Անդրանիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ միայն Կութի և Երասխի ուղղություններով է լարվածությունը, իսկ Տավուշում ռուսական խաղաղապահների տեղակայման մասին Մակարյանը որևէ տեղեկություն չուներ։