Եվրամիությունը պատրաստ է երկխոսություն սկսել թալիբների հետ, սակայն ճանաչումը կախված կլինի նրանց գործողություններից: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Աֆղանստանի հարցով ԵՄ արտգործնախարարների արտակարգ տեսաժողովից հետո:
«Թալիբանը հաղթեց պատերազմում, ուստի մենք պետք է խոսենք Քաբուլի նոր իշխանությունների հետ, ովքեր էլ որ լինեն՝ կանխելու համար միգրացիան և հումանիտար ճգնաժամերը: Սա միայն երկխոսության մասին է, ոչ թե թալիբների իշխանության ճանաչման»,- ասել է Բորելը:
Բորելն ընդգծել է, որ թալիբների հետ երկխոսությունն անհրաժեշտ է հրատապ խնդիրների լուծման համար, ներառյալ՝ Աֆղանստանից հեռանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և տեղի բնակիչների տարհանումը ապահովելը: Ինչ վերաբերում է նոր կառավարության ճանաչման հնարավորությանը, նա ասաց, որ դա կախված կլինի երկրում իշխանությունը բնակչության բոլոր շերտերը ներկայացնող կառավարությանը խաղաղ փոխանցելուց, ինչպես նաև այն բանից, թե ինչպես է նոր կառավարությունը հարգելու երկրի հիմնարար իրավունքները: