Կառավարության օգոստոսի 18-ին ընդունած որոշման համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսումները (209,229,135.95 դրամ) կուղղվեն կառավարության պահուստային ֆոնդ, այնուհետև լրացուցիչ 361 749 422 05 դրամ գումար կհատկացվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը` բնականոն գործունեության համար համապատասխան ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Նախագծի ընդունումից հետո 2021 թվականի համար ՀՀ պետական բյուջեից ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կպահանջվի լրացուցիչ հատկացնել 361 749 422 05 դրամ:
Բանն այն է, որ Ադրբեջանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններում, ինչի հետևանքով ի հայտ են եկել մի շարք կարևորագույն խնդիրներ: ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականացնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության և այլ նվազագույն պայմաններով:
Բացի այդ, ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապատասխան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազմման ժամանակ: