ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն`վարչապետը կառավարության ձևավորումից հետո քսանօրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության գործունեության ծրագիրը: Այս մասին կառավարության օգոստոսի 18-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով այն։
Նա հայտնեց, որ ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից`անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում:
Ինչպես նշեց Փաշինյանը՝ կառավարության ծրագիրը հիմնված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա, որը ներկայացվել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրված նախընտրական խոստումների և մինչև 2050 թվական Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա:
«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը: Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգված էին, ընտրությունները՝ ազատ, քարոզարշավի հնարավորությունները՝ հավասար, պահպանվել էր հավասար լուսաբանման սկզբունքը»,- նշեց վարչապետը:
«Հասարակական համերաշխության վերականգնման համար արտահերթ ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեցան: 2020 թվականի նոյեմբերին սկսված սոցիալական և քաղաքական անկարգությունների մթնոլորտը հաղթահարվեց ընտրությունների արդյունքներով»,- ասաց վարչապետը:
Ինչպես նշեց Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներ մնում են չլուծված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքներն էապես փոխեցին Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում առկա մի շարք խնդիրներ, այլև առաջացնելով նոր խնդիրներ:
Տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի սկիզբը կառավարության ամենամեծ առաքելությունն է, սակայն այս խնդրի լուծումը կախված է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս երկրների ցանկությունից: Հայաստանի կառավարությունը ստանձնում է պատասխանատվության իր բաժինը տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանի համար, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Օրենքի գերակայության վրա հիմնված ազգային միասնության հաստատումը, փոխադարձ հարգանքը, ատելության խոսքի և նվաստացուցիչ հայտարարությունների բացառումը կառավարության գերակայություններից են: