Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։
Երկու ուսումնական հաստատությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասների վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները: 2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին կից գործող նախակրթարան է հաճախում 15 սան:
Կութի միջնակարգ դպրոցն ունի 21 աշակերտ, որոնցից այս տարի առաջին դասարան է հաճախում ընդամենը մեկ երեխա: ԿԳՄՍՆ-ի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում այս տարի կա 1900 առաջին դասարանցի։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունն արժանացել է հանդիսավոր ընդունելության, շրջայց կատարել դպրոցներում, ծանոթացել առաջին դասարանցիների հետ, շնորհավորել նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, զրուցել ուսուցիչների հետ։
Կից ներկայացնում ենք Armenia Today–ի ֆոտոշարքը։