ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է անցնել կտրուկ միջոցների COVID-19-ին հակազդելու համար: DW-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի ամերիկյան վարչակազմի ղեկավարը հրաման է ստորագրել՝ ընդլայնելու կորոնավիրուսի դեմ պատվաստումների շրջանակը:
Նոր կանոնները կվերաբերեն, մասնավորապես, դաշնային ծառայողներին, բժշկական անձնակազմին և խոշոր ընկերությունների աշխատակիցներին:
«Իմ ծրագրով պատվաստումների պահանջները կազդեն երկրում աշխատող բոլոր մարդկանց երկու երրորդի՝ մոտ 100 միլիոն ամերիկացիների վրա»,- ասել է Բայդենը:
Նշվում է, որ պատվաստումները պարտադիր կդառնան դաշնային գործակալությունների բոլոր աշխատակիցների, ինչպես նաև նրանց կապալառուների համար: Հայտարարության օրվանից ԱՄՆ դաշնային աշխատակիցները 75 օր ունեն պատվաստման համար: Նրանք, ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Բացառություն կարվի այն աշխատողների համար, ովքեր չեն կարող պատվաստվել կրոնական կամ առողջական պատճառներով:
Բայդենն ԱՄՆ աշխատանքի նախարարությանը հանձնարարել է պահանջել ավելի քան 100 աշխատակից ունեցող բոլոր ընկերություններին պատվաստվել կամ ամեն շաբաթ թեստավորվել: Նախագահը նշել է, որ պետք է պատվաստվեն դաշնային «Head Start» ծրագրերի և դաշնային դպրոցների 300,000 ուսուցիչներ: Բացի այդ, պատվաստումները պարտադիր կդառնան 17 միլիոն բուժաշխատողի համար:
Բայդենի ծրագիրը ներառում է նաև այլ դրույթ․ սեպտեմբերի 10-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելուց հրաժարվելու համար նախատեսված տուգանքները 500 դոլարից 1000 կդառնան առաջին խախտման դեպքում, և 1000 դոլարից 3000՝ երկրորդ խախտման դեպքում:
Նշենք, որ նմանատիպ միջոցառումներ արդեն ձեռնարկվել են Հայաստանում: Հոկտեմբերի 1-ից մի շարք ոլորտներում աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է գործատուին տրամադրեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի արդյունքները: Նոր պահանջը ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին: Պատվաստված քաղաքացիները (ամբողջությամբ կամ առաջին ներարկումը ստացած), հղի կանայք և պատվաստման համար բժշկական հակացուցումներով անձինք կարող են աշխատանքի գնալ առանց ՊՇՌ բացասական թեստի: