«Խորհրդային քարտեզ» հասկացությունը միայն մեկ քարտեզ չէ, կան բազմաթիվ խորհրդային քարտեզներ, որոնք իրարից շատ տարբեր են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ ԱԳՆ-ն ունի առաջնահերթություն, թե խորհրդային որ քարտեզով է առաջնորդվելու սահմանազատում իրականացնելու համար։
«Ինչպես նշվել է Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման օրինագիծը ներկայացնելիս, ԱԺ-ն չի կարող և չպետք է հայտնվի լուսանցքում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ»,- ասաց Մամիջանյանը և հավելեց, որ եթե որևէ պատգամավոր ներկայացնի որևէ նախագիծ, որը նախապատրաստական է դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, դա իր համար առնվազն անհասկանալի կլինի, քանի որ դեմարկացիայի փուլին կարող են անցնել այն երկրները, որոնք իրար հետ ունեն զրո խնդիր։
«Եթե ազգընտիրների մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ մենք թշնամի Ադրբեջանի հետ ունենք զրո խնդիր, ուրեմն ես ցավում եմ, որ այդ մարդկանց հետ նույն դահլիճում եմ նստում»,- ասաց նա։
Ինչպես Մամիջանյանին լրացրեց նրա գործընկեր Աննա Մկրտչյանը, անհեթեթություն է, որ սահմանային հարցերը փորձում են կարգավորել ոչ թե պետական սահմանի մասին օրենքի, այլ վարչատարածքային բաժանման օրենքի շրջանակներում, ինչը վերաբերում է երկրի ներքին սահմաններին։
Նա նշեց, որ իշխանությունները սկսել են անգամ ադրբեջանական տեղանուններ օգտագործել, որպեսզի ադրբեջանական իշխանություններն օգտագործեն նաև մեր ԱԺ-ում արված հայտարարությունները ու աշխարհին ներկայանան ոչ թե որպես ագրեսոր, այլև որպես պետություն, որ ունի սահմանային վեճ։
Իսկ ինչ վերաբերում է անկլավներին, ապա Մկրտչյանի խոսքով՝ ինքը չի տեսել, որ, օրինակ Արծվաշենում ոստիկանական անցակետեր դրված լինեն։ Այն, ինչ անում է ադրբեջանական կողմը ագրեսիայի հետևանքով զավթած տարածքում։