Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված: Վերջին 14 օրվա տվյալները ցույց են տվել, որ 18 տոկոսով դեպքերի աճ ունենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետը նկատեց՝ եթե միջոցառումներ չձեռնարկեն, առաջիկա 7 օրերի ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք:
«Այդ դեպքերից մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ հոսպիտալացվածների 3 տոկոսը կարող է ինտենսիվ թերապիայի կարիք ունենա»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչի խոսքով՝ պատվաստանյութը կանխարգելում է կորոնավիրուսը, այլ ոչ թե՝ ուղեկցող հիվանդությունը:
«Կա համապատասխան մասնագիտական խումբ, որը զբաղվում է նման դեպքերով և եթե լինի ինչ-որ պատվաստանյութով պայմանավորված մահվան դեպք, այդ դեպքի մասին կահազանգվի: Պատվաստումների ընթացքում չենք ունեցել որևէ անբարեհաջող ելք, ծանր հետպատվաստումային ռեակցիա»,- նկատեց նա:
Ասուլիսին ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին, նշեց, որ գործատուն չի կարող աշխատանքից ազատել աշխատողին չթեստավորելու դեպքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: